Bounce Rate կամ «Հետաքրքրի՛ր ինձ, եթե կարող ես»
Խոսենք օգտատերերին պիտանի քոնթենթի մասին։
Ամեն անգամ ինչ-որ կայք մուտք գործելիս մենք հույս ունենք, որ քոնթենթն ու վերնագիրը համապատասխան են։ Հոգնել ենք գուշակել՝ արդյոք այս անգամ քլիքբե՞յթ է լինելու, թե՝ ոչ։ Իսկ հիմա այս ամենին նայենք հակառակ՝ մեզ արդեն լավ ծանոթ, որոնողական համակարգերի կողմից։
Ենթադրենք, 3000 հոգի մուտք են գործել կայքի որևէ էջ և անմիջապես դուրս եկել։ ԲՈԼՈՐԸ։ Սա համակարգի համար խնդրի դուրսբերում է՝ ազդանշան, որ նշված տեղեկություններն իրականում հետաքրքիր չեն թիրախային լսարանին, ավելին՝ հիասթափեցնող են նրանց համար։ Հետևաբար, պետք է տվյալ էջն այլևս ցույց չտալ օգտատերերին։ Արդյունքում, կայքը զիջում է իր դիրքերը Գուգլում կամ Յանդեքսում։
Այդ ցուցանիշը կոչվում է Bounce Rate։ Կայք մուտք գործած և «առաջ չգնացած», հենց այդժամ այդտեղից դուրս եկած օգտատերերի տոկոսային հարաբերությունը։
Ո՞րն է Bounce Rate-ի օպտիմալ տոկոսը
Ընդունված է համարել, որ օգտատերերի որոշակի քանակ այնուամենայնիվ հետ է վերադառնալու՝ այլ քոնթենթ գտնելու համար։ Ինչից բխում է, որ այդ թիվը չի կարող լինել 0։ Եթե այդպես է, մի’ շտապեք գլուխ գովել, հնարավոր է ստուգելու գործիքների մեջ ինչ-որ բան սարքին չէ։
Եվ այսպես՝
- 26-40%-ը լավ ցուցանիշ է։ Նշանակում է, ամեն ինչ խաղաղ է և կարելի է մշակել նոր ռազմավարություն՝ այն բարելավելու համար։
- 41-55%-ը քոնթենթի բարելավման ազդանշան է. կայքը չի’ արդարացնում միջին վիճակագրական օգտատիրոջ սպասելիքները։ Միգուցե վերնագրերն ու պարունակությունը համապատասխան չեն։
- 56-70%-ը զգուշացում է՝ ստուգեք, միգուցե կայքը լուրջ տեխնիկական խնդիրներ ունի։
- 70-ից բարձր ցանկացած թիվ համարժեք է SEO աղետի, պետք է արագ քայլեր ձեռնարկել՝ նախապես ստուգելով հնարավորինս և անհնարին բոլոր բաժինները, այնուհետև հերթով աշխատելով դրանց վրա։
Ցածր Bounce Rate-ի թշնամիները
Ասում էինք չէ՞, որ մոբայլ չափսերով հարմարեցված կայքերն են հաղթելու։ Չենք սխալվել 😉 Թվային աշխարհում բարձր վարկանիշ ունենալու համար պետք է խուսափել նաև հետևյալից՝
- Ոչ ռեսփոնսիվ դիզայն
- Վատ կարդացվող տեքստ՝ առանց նկարների և երկար նախադասություններով
- «Ծանր» նկարներ
- Դանդաղ բացվող էջ
- Չբացվող նկար
- 404 Error էջի վրա՝ երբ էջն այլևս չկա կամ լինքը փոփոխության է ենթարկվել
- Քլիքբեյթ՝ նյութի վերնագրում՝ երբ վերնագիրը սկանդալային է, իսկ նյութ կամ չկա, կամ այն չի համապատասխանում վենագրին։ Հաստատ յուրաքանչյուրս կհիշենք գեթ մեկ նման կայք։
- Զզվեցնող և շատ ու անտեղի գովազդ, որը փակում է էջի մեծ մասը՝ խաթարելով քոնթենթի տեսանելիությունը։
Ամփոփում
Մի խոսքով, երբ չունեք քոնթենթ մենեջեր կամ մարդ, ով հետևում է կայքի «առողջությանը», միշտ հնարավոր է նման խնդիրներ առաջանան։ Սա անընդհատ կրկնվող պրոցես է՝ հիգիենայի նման։ Այնպես որ, այդ պրոցեսին հարկավոր է տրամադրել ռեսուրս և ժամանակ, եթե ուզում ես հետաքրքված օգտատերեր ներգրավել, որոնք հեշտությամբ կդառնան մշտական հաճախորդ։